Ուղերձ ծնողներին
Ուղերձ ծնողներին

Ուղերձ շաքարախտով հիվանդ երերխաների ծնողներին

Շաքարախտով հիվանդ երեխայի առօրյան

Ծնողների դերը շաքարախտով հիվանդ երերխաների բուժման և առողջության հիմնասյունն է: Թեև հիվանդության սկզբում առօրյա ռեժիմը կարող է Ձեզ թվալ ծանր և բարդ, բայց որոշ ժամանակ հետո  բժշկական թիմի և այլ ծնողների խորհուրդների շնորհիվ, շաքարախտի հետ կապված ամենօրյա գործողությունները կդառնան ավելի սովորական, և Դուք վստահություն ձեռք կբերեք: Ձեր երեխայի բուժման համար վստահ լինելը  չափազանց կարևոր է, որպեսզի նա էլ վստահություն ձեռք բերի և աստիճանաբար ինքնուրույն դառնա:

Ամենայն հավանականությամբ, կլինեն սթրեսային և նյարդայնացնող ժամանակներ երեխայի և ծնողի համար, օրինակ՝ դպրոց ընդունվելը կամ ճանապարհորդությունը: Դա ամբողջովին նորմալ է: Կարևոր է իմանալ, որ «Շաքե» Հիմնադրամը միջոցներ է տրամադրում Ձեզ, որպեսզի  առողջ և լավատեսությամբ զինված հաղթահարեք փորձությունները:

Առօրյայում ծնողի դերն է անել կամ առաջնորդել իր երեխային` կատարել հետևյալը.

  • Խրախուսել սնվելու կանոնավոր ժամանակացույցը.
  • Ապահովել առողջ սնունդ և ապրելակերպ.
  • Արյան գլյուկոզայի մակարդակը ստուգել օրական 5-8 անգամ.
  • Կիրառել ինսուլինի դեղաչափերը (ներարկումները) ըստ սահմանված պլանի.
  • Ճանաչել հիպոգլիկեմիայի և հիպերգլիկեմիայի ախտանշանները.
  • Ունենալ և ստույգ կիրառել Հիպոգլիկեմիայի և Հիպերգլիկեմիայի դեպքում հստակ ծրագրեր.
  • Ապահովել ընտանիքի և դպրոցական միջավայրի խնամքի շարունակականությունը.
  • Արտակարգ իրավիճակների համար ստեղծել շահագրգիռ անձերի ցանկ:

Կախված երեխայի տարիքից և իրավիճակի ընկալման մակարդակից՝ կարևոր է քննարկել շաքարախտը նրա հետ և ընդգրկել նրա որոշումները: Որքան շատ տեղեկացված  լինի նա, և որքան շատ ներգրավված զգա իրեն, այնքան ավելի շուտ ինքնուրույնություն ձեռք կբերի:

Կան մի քանի ձևեր, որպեսզի երեխան ձեռք բերի պատասխանատվության զգացում հիվանդության նկատմամբ՝
• Մշակել պարզ և հասկանալի «ճանապարհային քարտեզ»  (երեխան ինքն է լրացնում և հասկանում)
• Հաճախակի ներառել ուսուցողական խաղեր
• Ներգրավել եղբայրներին ու քույրերին
• Բաց երկխոսություն պահպանել ընտանիքի այլ անդամների, ընկերների, դպրոցի աշխատողների և այլ անձանց հետ:


Լավագույնն այն ամենն է, որ համապատասխանում է ձեր առօրյային և ձեր արժեքներին:

Եղե'ք լավատես և խուսափե'ք դրամատիզացումից: