
Ուղերձ շաքարախտով հիվանդ երերխաների ծնողներին
Շաքարախտով հիվանդ երեխայի առօրյան
Ծնողների դերը շաքարախտով հիվանդ երեխաների բուժման և առողջության հիմնասյունն է: Թեև հիվանդության սկզբում առօրյա ռեժիմը կարող է Ձեզ թվալ ծանր և բարդ, բայց որոշ ժամանակ հետո բժշկական թիմի և այլ ծնողների խորհուրդների շնորհիվ, շաքարախտի հետ կապված ամենօրյա գործողությունները կդառնան ավելի սովորական, և Դուք վստահություն ձեռք կբերեք: Ձեր երեխայի բուժման համար վստահ լինելը չափազանց կարևոր է, որպեսզի նա էլ վստահություն ձեռք բերի և աստիճանաբար ինքնուրույն դառնա:
Ամենայն հավանականությամբ, կլինեն սթրեսային և նյարդայնացնող ժամանակներ երեխայի և ծնողի համար, օրինակ՝ դպրոց ընդունվելը կամ ճանապարհորդությունը: Դա ամբողջովին նորմալ է: Կարևոր է իմանալ, որ «Շաքե» Հիմնադրամը միջոցներ է տրամադրում Ձեզ, որպեսզի առողջ և լավատեսությամբ զինված հաղթահարեք փորձությունները:
Առօրյայում ծնողի դերն է անել կամ առաջնորդել իր երեխային` կատարել հետևյալը.
- Խրախուսել սնվելու կանոնավոր ժամանակացույցը.
- Ապահովել առողջ սնունդ և ապրելակերպ.
- Արյան գլյուկոզայի մակարդակը ստուգել օրական 5-8 անգամ.
- Կիրառել ինսուլինի դեղաչափերը (ներարկումները) ըստ սահմանված պլանի.
- Ճանաչել հիպոգլիկեմիայի և հիպերգլիկեմիայի ախտանշանները.
- Ունենալ և ստույգ կիրառել Հիպոգլիկեմիայի և Հիպերգլիկեմիայի դեպքում հստակ ծրագրեր.
- Ապահովել ընտանիքի և դպրոցական միջավայրի խնամքի շարունակականությունը.
- Արտակարգ իրավիճակների համար ստեղծել շահագրգիռ անձերի ցանկ:
Կախված երեխայի տարիքից և իրավիճակի ընկալման մակարդակից՝ կարևոր է քննարկել շաքարախտը նրա հետ և ընդգրկել նրա որոշումները: Որքան շատ տեղեկացված լինի նա, և որքան շատ ներգրավված զգա իրեն, այնքան ավելի շուտ ինքնուրույնություն ձեռք կբերի:
Կան մի քանի ձևեր, որպեսզի երեխան ձեռք բերի պատասխանատվության զգացում հիվանդության նկատմամբ՝
• Մշակել պարզ և հասկանալի «ճանապարհային քարտեզ» (երեխան ինքն է լրացնում և հասկանում)
• Հաճախակի ներառել ուսուցողական խաղեր
• Ներգրավել եղբայրներին ու քույրերին
• Բաց երկխոսություն պահպանել ընտանիքի այլ անդամների, ընկերների, դպրոցի աշխատողների և այլ անձանց հետ: